Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բարիքների համար պայքարը ստացել է պարբերական ու կանխատեսելի բնույթ

Բարիքների համար պայքարը ստացել է պարբերական ու կանխատեսելի բնույթ
12.10.2023 | 07:59

Մարդկային քաղաքակրթության պատմությունը, կյանքի հարատևման համար լոկալ ուժային մրցակցության պրոցես է մարդկանց ու ժողովուրդների միջև, որը, քաղաքակրթության տեխնոլոգիական հզորացմանը զուգընթաց, աստիճանաբար վերածվում է գլոբալ փոխադարձ պայքարի։

Լոկալ պայքարից գլոբալ պայքարին անցնելու ինդիկատորը մարդկանց ու ժողովուրդների միջև մղվող պատերազմների մասշտաբներն են, որոնց տեղական բնույթը անցնող դարում երկու անգամ ավելի ու ավելի մեծացող չափերով վերածվել է համաշխարհային պատերազմների։

Սկսած մարդկանց միջև կյանքի հարատևման համար մղվող պայքարի ամենանախնական փուլերից մինչև մեր օրերը, այս պայքարի դինամիկան եղել է նույնը և ունեցել է ցիկլիկ պարադիգմային բնույթ, կամ էլ, այլ խոսքով՝ համեմատաբար խաղաղ կյանքի ու պատերազմների ցիկլիկ կամ պարբերական հաջորդականություն։

Մարդկանց միջև կյանքի համար մղվող պայքարը, գործիքների ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ունեցել է նաև մեկ այլ բնութագրական գիծ, այն է՝ մարդկանց միավորումը ավելի ու ավելի մեծացող խմբերում, որի նպատակն էր՝ հզորանալով հասնել հաղթանակի մրցակիցների նկատմամբ և տիրանալ հնարավորինս ավելի շատ բարիքների։

Նման միավորման արդյունքում մարդկանց միջև պայքարը բարիքների ու կյանքի համար, նախկին քաոսային բնույթից սկսեց աստիճանաբար ստանալ ավելի կարգավորված պարբերական կամ համարյա պարբերական ու կանխատեսելի բնույթ։

Իսկ այդ պարբերականության ամեն մի ցիկլը իրենից ներկայացնում էր փոփոխության կամ զարգացման մի պարադիգմ, որի ներսում, պայքարող կողմերի միջև հերթական հավասարակշիռ վիճակը աստիճանաբար դառնում էր ավելի ու ավելի անհավասարակշիռ և դրա հետ միասին աճում էր նրանց միջև փոխադարձ դժգոհությունը, որն էլ իր հերթին վերածվում էր փոխադարձ ատելության ու աճող կատաղության, ինչն էլ, հարաբերությունների կարգավորման բոլոր խաղաղ մեթոդների սպառումից հետո, հանգում էր նրանց միջև պատերազմի։

Պատերազմն էլ, իր հերթին, կարող է վերջանալ որևէ կողմի հաղթանակով, կամ էլ՝ ռեսուրսների փոխադարձ սպառման հետևանքով հանգեցնել պատերազմը շարունակելու անիմաստության։

Բոլոր դեպքերում, պատերազմը լուծում է կողմերի հարաբերություններում առկա անհավասարակշռությունները, որին հետևում է ինչ-որ տեսակի նոր հավասարակշռություն և որով սկիզբ է դրվում հարաբերությունների նոր պարադիգմին՝ մինչև նոր կոնֆլիկտների կուտակում, և պարադիգմային ցիկլը նորից կրկնվում է։

Հ․Գ․ Ընդհանուր առմամաբ, պարբերականությունը, իր ժամանակային ու տարածական ձևերով, հատուկ է և անկենդան, և օրգանական աշխարհներին։

Բացի դրանից, ինչքան բարձրանում է նյութի ստրուկտուրային կազմակերպական մակարդակը, այնքան այդ կազմակերպման մեջ խիստ պարբերականություններին աստիճանաբար փոխարինելու են գալիս ոչ խիստ համարյա պարբերականությունները։

Անկենդան աշխարհում տարածական պարբերականության օրինակներ են նյութի ատոմային, մոլեկուլյար և բյուրեղային կառուցվածքները, իսկ ժամանակային պարբերականության օրինակներ են ատոմների ներսում էլեկտրոնների շարժումը միջուկի շուրջը և մոլորակների շարժումը արևի շուրջը։

Մարդկային հասարակության մեջ տարածական պարբերականության օրինակներ են դրա ընտանեկան ու ցեղային կառուցվածքները, իսկ ժամանակային պարբերականության օրինակ է մարդկանց հարաբերությունների ամբողջ համակարգը։

Ընդհանուր առմամաբ կայունությունն ու պարբերականությունը նյութի կառուցվածքի ու դինամիկայի մեջ համատեղ են հանդես գալիս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ